09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 09:03
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ-ի Կովկասյան տարածաշրջանի նորանշանակ ղեկավար Թոմաս Կաիրիսը և Բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռեմոն Զաքարիան։ Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ ղեկավարներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և փոխգործակցության հետագա ամրապնդում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերը սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, ջրամբարաշինության և թափոնների կառավարման ոլորտներում։ Կողմերն անդրադարձել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում ՎԶԵԲ-ի մասնակցությանը, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների անցկացմանը և հետագա ֆինանսավորմանը:
ՀՀ Կառավարության ծրագրից բխող առաջնահերթությունների շրջանակում ընդգծվել են տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակումն ու անվտանգության ապահովումը, ռազմավարական ենթակառուցվածքների՝ ջրային, էներգետիկ և տրանսպորտային համակարգերի արդիականացումն ու զարգացումը, շրջակա միջավայրի ու թափոնների արդյունավետ կառավարումը, ինչպես նաև պետական կառավարման ապարատի արդյունավետության, թափանցիկության բարձրացումն ու ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը։
ՎԶԵԲ ներկայացուցիչները վերահաստատել են Բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանն ու Կառավարության բարեփոխումների օրակարգի իրագործմանը: