03/26/2026 | Press release | Distributed by Public on 03/27/2026 02:32
Մարտի 26-ին Անդորրայում անցկացվող Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Լեռներն առանց սահմանների. էկոհամակարգերի պահպանությունը, վերականգնումը և կայուն կառավարումը» խորագրով պանելային քննարկմանը:
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, այդ թվում` նորարարական տեխնոլոգիաներ ներդնելու գործընթացը և օրենսդրական փոփոխությունները, որոնք նպատակ ունեն բարելավել երկրի կլիմայական դիմակայունության ինստիտուցիոնալ և իրավական շրջանակը:
Անդրադարձ է կատարվել այս տարի Հայաստանում կայանալիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին և դրա շրջանակներում նախատեսվող «Առաջնորդների գագաթնաժողովի» անցկացմանը: Ընդգծվել է համաժողովի ընթացքում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման հարցում բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ գիտական համայնքի, բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների մասնակցության ապահովման կարևորությունը:
ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ կլիմայի գործողությունների, կենսաբազմազանության պաշտպանության և հողերի վերականգնման օրակարգերի փոխկապակցվածությունն ապահովում են հենց լեռները՝ իրենց դիմակայուն համայնքներով և ավանդական գիտելիքներով:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված միջազգային գործընկերների հետ համատեղ լեռնային էկոհամակարգերի պահպանության առաքելության իրականացմանը: