Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

06/18/2026 | Press release | Distributed by Public on 06/19/2026 05:12

Մշակութային միջոցառում Բյուրականի աստղադիտարանում

Մշակութային միջոցառում Բյուրականի աստղադիտարանում

18 հունիսի, 2026

Հունիսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը՝ նվիրված Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին և Բյուրականի աստղադիտարանի Առաջին բյուրականյան շրջահայության լուսաթիթեղների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում ընդգրկվելու 15-ամյակին:

Միջոցառմանը, որը կազմակերպվել է աստղադիտարանի հետ համագործակցաբար, մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների դիվանագետներ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Դավիթ Կարապետյանն իր խոսքում նշել է, որ վերոնշյալ հոբելյանները ոչ միայն ընդգծում են Հայաստանի՝ աստղագիտության և գիտական հայտնագործությունների ոլորտում ձեռք բերված ակնառու նվաճումները, այլև փաստում են մի ժառանգության մասին, որը հատել է ազգային սահմանները՝ նպաստելով մարդկության հավաքական գիտելիքի և մշակութային ժառանգության հարստացմանը։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է Բյուրականի աստղադիտարանի դերը՝ որպես հայկական գիտական մտքի և նվաճումների խորհրդանիշ, և նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարիներից աստղադիտարանում կատարված հայտնագործությունները փոխակերպել են տիեզերքի մասին մեր պատկերացումները և էական ներդրում ունեցել աստղագիտության զարգացման գործում։

Միջոցառման ընթացքում հյուրերը շրջայց են կատարել աստղադիտարանում՝ ծանոթանալով դրա պատմությանը, գիտական ձեռքբերումներին և աստղագիտական հետազոտություններին։ Մասնակիցներն այցելել են Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, աստղադիտակներ, ծանոթացել աստղադիտարանի գործունեությանն ու դիտողական գործիքներին, ինչպես նաև աստղագիտության ոլորտում միջազգային գիտական համագործակցության խթանման գործում Հայաստանի ներգրավածությանն ու նախաձեռնություններին։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on June 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 19, 2026 at 11:12 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]