Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 05:26

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ազգային պատասխանատուների ցանցի նախարարական հանդիպմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ազգային պատասխանատուների ցանցի նախարարական հանդիպմանը

24 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» («WPS») ազգային պատասխանատուների ցանցի նախարարական հարակից միջոցառմանը:

Անդրադառնալով ցանցի հիմնադրման 10-ամյակին՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի գործնական իրականացման կարևորությունը՝ միջազգային հանձնառությունները ազգային քաղաքականությունների և ինստիտուցիոնալ մեխանիզմների վերածելու և խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցությունն ապահովելու միջոցով։

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը (2025-2027թթ.)՝ «Ներդրումներ խաղաղության համար համաշխարհային ջանքերում» խորագրով՝ նշելով, որ դրա իրականացումը փոխկապակցված է մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտությունների կանխարգելման, անվտանգության և պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների խթանման հետ։

Ընդգծվել է անվտանգության ավելի լայն ընկալման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել տնտեսական և կիբեռանվտանգության ոլորտներում, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության հարցերում կանանց մասնակցության խթանմանը և դիվանագիտական ծառայությունում, զինված ուժերում ու ոստիկանությունում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանն ուղղված աշխատանքներին։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը շեշտել է համայնքային դիմակայունության ամրապնդման և տեղահանված կանանց ինտեգրման ու ներառման կարևորությունը՝ ընդգծելով նրանց մասնակցության նշանակությունը ինչպես անմիջական կարիքների հասցեագրման, այնպես էլ դիմակայուն համայնքների և կայուն խաղաղության կառուցման համար։

ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կանխարգելման, մասնակցության, պաշտպանության, ինչպես նաև աջակցության և վերականգնման ուղղությունները պետք է փոխկապակցված կերպով արտացոլվեն քաղաքականությունների և որոշումների կայացման գործընթացներում, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 24, 2026 at 11:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]