Central Bank of Armenia

05/13/2026 | Press release | Distributed by Public on 05/13/2026 04:38

Երևանում քննարկվել են ՓՄՁ ոլորտի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները

Մայիսի 12-ին Երևանում կայացավ Հայաստանի բանկերի միության, ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանահայկական հիմնադրամի համատեղ կազմակերպած «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովը։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, միջազգային ֆինանասական կազմակերպությունների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, վարկային ծրագրերի շահառուներ։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր խոսքում նշեց, որ փոքր և միջին ձեռնարկությունները դիվերսիֆիկացված և մրցունակ տնտեսություն կառուցելու ամենակարևոր հիմքերից են, և Հայաստանի քաղաքացիների զգալի մասը ներգրավված է այս ոլորտում, ուստի ՓՄՁ-ների զարգացումն անմիջականորեն կապված է մարդկանց կենսամակարդակի, բարեկեցության և տնտեսական հնարավորությունների ընդլայնման հետ։ ԿԲ նախագահը նշեց, որ ցավոք՝ Հայաստանի ՓՄՁ ոլորտը տարածաշրջանի գործընկեր երկրների համեմատ դեռևս իր ներուժից ցածր է թե՛ մասշտաբի, թե՛ արտադրողականության առումով, և առաջիկա տարիներին դեռ շատ աշխատանք կա անելու բացը լրացնելու համար։

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն իր ելույթում նշեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանի տնտեսական կայունության կարևոր հիմքերից է, իսկ նման ձևաչափով քննարկումները նպաստում են նոր բիզնես գաղափարների և համագործակցությունների ձևավորմանը։
«Ձեռքբերումներից բացի պետք է արձանագրենք նաև առկա մարտահրավերները՝ վարչարարական բարդությունները, հաճախակի փոփոխվող պահանջները, ինչպես նաև վարկավորման ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության խնդիրները։ Մեր կարևորագույն նպատակներից է ստեղծել պայմաններ, որպեսզի բիզնեսը կենտրոնանա զարգացման և մրցունակության բարձրացման վրա, այլ ոչ թե հաղթահարի վարչարարական բարդությունները և հայթհայթի վարկային ծրագրերի մասին տեղեկություններ»,-ընդգծել է ՀԲՄ նախագահը։

Համաժողովում ներկայացվեցին գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող միջազգային ծրագրերի շրջանակում ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջնորդությամբ տրամադրված վարկային միջոցների ազդեցությունը հայաստանյան փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ-ների) կայուն զարգացման վրա:

Միջոցառման շրջանակում կայացան պանելային քննարկումներ «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» և «Ֆինանսական և մասնավոր հատվածի միջև համագործակցության ձեռքբերումները և մարտահրավերները» թեմաներով, քննարկումներ ծավալվեցին համագործակցության հնարավոր ուղիների, առկա մարտահրավերների շուրջ:

Central Bank of Armenia published this content on May 13, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 13, 2026 at 10:38 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]