The President of the Republic of Armenia

12/23/2025 | Press release | Distributed by Public on 12/23/2025 06:06

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ վստահության վրա։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխանցել է Բուլղարիայի նախագահի Ռումեն Ռադևի ջերմ ողջույնները։ Նա նշել է, որ համոզված է՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է էապես բարձրանալ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և առկա ներուժի լիարժեք իրացման շնորհիվ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրոպական միության հարթակում արդյունավետ և համակարգված համագործակցությունը։

Զրույցի ընթացքում նշվել է փոխգործակցության ակտիվացման տեսանկյունից ուղիղ ավիաթռիչքների վերականգնման կարևորությունը՝ ընդգծելով դրա դերը տնտեսական, զբոսաշրջային և մարդասիրական կապերի խթանման գործում։

Կարևորվել են նաև բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես քաղաքական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման արդյունավետ միջոց։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք միջազգային կարևոր միջոցառումներին, մասնավորապես՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և ՄԱԿ-ի COP-17 համաժողովին՝ ընդգծելով դրանց նշանակությունը միջազգային համագործակցության և համատեղ օրակարգերի առաջմղման տեսանկյունից։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on December 23, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 23, 2025 at 12:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]