05/05/2026 | Press release | Distributed by Public on 05/06/2026 02:17
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման արարողությանը, որը նշանավորել է Ամերիաբանկի ներառումը FTSE 100 ինդեքսում՝ որպես Lion Finance Group միջազգային խմբի մաս։
Միջոցառման շրջանակներում նախարարը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով իրադարձության նշանակությանը և ընդգծել, որ Ամերիաբանկի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում կարևոր ձեռքբերում է ոչ միայն ֆինանսական համակարգի, այլև Հայաստանի համար։ Նախարարի խոսքով՝ այս իրադարձությունը ևս մեկ ազդակ է միջազգային գործընկերներին և ներդրողներին, որ Հայաստանը ներկայանում է որպես վստահելի և ներդրումային տեսանկյունից գրավիչ երկիր։
Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչները հյուրընկալվել են նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, որտեղ հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վարուժան Ներսեսյանի հետ։
Ամերիաբանկը՝ որպես LFG խմբի մաս, 2026թ. մարտին ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում՝ դառնալով առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։