The President of the Republic of Armenia

04/22/2026 | Press release | Distributed by Public on 04/22/2026 08:52

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի հետ։

Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են միջազգային տարբեր հարթակներում և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մոնղոլիայի միջև ձևավորված արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը։ Միևնույն ժամանակ կողմերը ընդգծել են, որ երկկողմ հարաբերություններում առկա է դեռևս լիարժեք չիրացված զգալի ներուժ, որի իրագործման համար անհրաժեշտ է առավել նպատակային և հետևողական ջանքերի գործադրում։

Մոնղոլիայի նախագահը ներկայացրել է վերջին տարիներին իր երկրում անցկացվող մի շարք միջազգային նախաձեռնություններ և միջոցառումներ՝ առանձնահատուկ շեշտադրում կատարելով կանանց ներգրավվածության ընդլայնմանն ու նրանց ներուժի զարգացմանը միտված ծրագրերի վրա։ Նա հույս է հայտնել, որ ապագայում Հայաստանի կին գործիչներն ու գործարարները ևս ակտիվ մասնակցություն կունենան այդ նախաձեռնություններին՝ նպաստելով փոխգործակցության խորացմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Հանրապետության նախագահը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասը թևակոխել է զարգացման նոր փուլ, որտեղ առանցքային նշանակություն են ձեռք բերել բարիդրացիության, կայունության և խաղաղ համակեցության սկզբունքները։

Նախագահները քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։ Կողմերը կարևորել են այս ուղղություններով փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր հիմք։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on April 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 22, 2026 at 14:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]