The President of the Republic of Armenia

01/30/2026 | Press release | Distributed by Public on 01/30/2026 09:37

Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Նախագահը շնորհավորել է դեսպանին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, կայուն զարգացում և բարգավաճում։

«Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական են և քաղաքակրթական, ես վստահ եմ, որ դրանք կլինեն շարունակական և ավելի կսերտանան ու կընդլայնվեն»,
- նշել է նախագահը:

Դեսպան Նիլակշին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև բազմաշերտ հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են համագործակցության խորացումը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, պաշտպանական, ինչպես նաև այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը։ Այդ համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը՝ համատեղ գործարար համաժողովների և համագործակցության այլ ձևաչափերի միջոցով։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։ Անդրադարձ է կատարվել նաև աշնանը Հայաստանում նախատեսվող COP-17 համաժողովին՝ ընդգծելով դրա նշանակությունը և հնարավոր համագործակցությունը շրջակա միջավայրի, արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում դրականորեն է գնահատվել Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը միջազգային հարթակներում՝ նշելով դրա արդյունավետությունն ու փոխադարձ աջակցության կարևորությունը։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on January 30, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 30, 2026 at 15:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]