Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

06/18/2026 | Press release | Distributed by Public on 06/19/2026 00:04

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

18 հունիսի, 2026

Հունիսի 18-ին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված բարձրաստիճան ճեպազրույց` նվիրված 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Միջոցառմանը հիմնական ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ներկայացրել է Կենսաբազմազանության COP17-ի Հայաստանի նախագահության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները և նախաձեռնություններրը, ինչպես նաև կազմակերպչական մանրամասները: Ընդգծվել է ՀՀ պատրաստակամությունն ապահովելու ներառական, թափանցիկ և բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածությամբ համաժողովի անցկացում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Համաժողովը շրջադարձային է լինելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման հարցում գրանցված առաջընթացի առաջին գլոբալ վերանայման, ձեռքբերումների գնահատման, բացերի վերհանման և մարտահրավերների հասցեագրման համար: Ընդգծվել է, որ Համաժողովի շրջանակներում քննարկումների կենտրոնում են լինելու նաև կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման խթանման հնարավոր ուղիները՝ 2030թ. Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները՝ ընգծելով բարձրագույն մակարդակով կենսաբազմազանության պահպանմանն առնչվող հարցերին ռազմավարական ուղղվածություն և քաղաքական լիցք հաղորդելու կարևորությունը։ Ներկաների ուշադրությունն է հրավիրվել նաև գագաթնաժողովին հաջորդող բարձրաստիճան նախարարական հատվածին, որը կխթանի համաժողովի ընթացքում որոշումների կայացման գործընթացը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության ապահովումը կենսաբազմազանության օրակարգի խթանման գործում: Այս համատեքստում ընդգծվել է կազմակերպությունների ոլորտային փորձագիտական և մասնագիտական ներուժի լիարժեք կիրարկման կարևորությունը, ինչպես նաև համաժողովին ընդառաջ և դրա շրջանակներում համատեղ միջոցառումների և նախաձեռնությունների իրականացումը:

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Երևանում անցկացվելիք COP17 համաժողովը միջազգային հանրության համար ծառայելու է որպես կարևոր հարթակ հանձնառություններից դեպի իրականացում անցում կատարելու համար:

Ճեպազրույցին ելույթներով հանդես են եկել Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA), ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC), ՄԱԿ Արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO), ինչպես նաև ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա են գտնվել Վիեննայում հավատարմագրված դեսպաններ և մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, Վիեննայի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ճեպազրույցին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում բարձր է գնահատվել ՀՀ ջանքերն արդյունավետ և արդյունքահեն համաժողով կազմակերպելու հարցում:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on June 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 19, 2026 at 06:04 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]