The President of the Republic of Armenia

04/01/2026 | Press release | Distributed by Public on 04/01/2026 07:42

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։

Նախագահը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ընդգծելով, որ առաքելության գործունեությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության և անվտանգության ապահովման գործում։

Նա նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում իրականացված աշխատանքը զգալի ներդրում է ունեցել լարվածության նվազեցման և խաղաղ միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել առաքելությանը՝ դրա արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։

Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և վստահության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել այս առաքելության ղեկավարումը նման կարևոր ժամանակահատվածում։ Նա ընդգծել է, որ շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ առաքելության արդյունավետությունն ապահովելու և տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Եվրամիության դիտորդական առաքելության դերը Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի համատեքստում։

Նշվել է նաև, որ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար, որոնք բարձր են գնահատում դրա դերը սահմանամերձ բնակավայրերում անվտանգության և կայունության ապահովման գործում։ Կարևորվել է նաև արդեն ընթացող խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on April 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 01, 2026 at 13:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]