11/08/2025 | Press release | Distributed by Public on 11/08/2025 13:27
Նոյեմբերի 8-ին Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված՝ Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) միջազգային օր հռչակելու մասին բանաձևը։
ՓԿԶՊ միջազգային օր սահմանելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությանը սատարել և համահեղինակել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շուրջ 130 անդամ պետություններ։
Բանաձևն ընդգծում է Փոքր կղզի զարգացող պետությունների խոցելիությունները և դրանց նկատմամբ միջազգային ուշադրության, համերաշխության և աջակցության անհրաժեշտությունը։ Փաստաթղթով ապրիլի 25-ը սահմանվում է որպես ՓԿԶՊ միջազգային օր։
Բանաձևի ընդունման կապակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արամ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր կոնֆերանսին և բանաձևի համահեղինակ պետություններին՝ փաստաթղթին միաձայն աջակցելու համար, ինչպես նաև վերահաստատել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՓԿԶՊ բարեկամների խմբի համահիմնադիր և համանախագահ պետության կարգավիճակում Փոքր կղզիներ զարգացող պետությունների կարիքների հասցեագրման հարցում շարունակական հանձնառությունը։