The President of the Republic of Armenia

09/16/2025 | Press release | Distributed by Public on 09/16/2025 08:16

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։

Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպան Բաումանին նշանակման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները:

«Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունները բարեկամական են և առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Մենք միշտ զգացել ենք Շվեյցարիայի աջակցությունը, որը նպատակ է ունեցել ամրապնդել մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։ Իհարկե, Շվեյցարիան մեզ ամենադժվարին պահերին միշտ աջակցել է»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

Նախագահը շեշտել է նաև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ «Վերջին տարիներին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը դրական միտում է ցուցաբերում, սակայն առկա ներուժը լիարժեք չի օգտագործվում։ Շվեյցարիան տեխնոլոգիապես զարգացած երկիր է, որը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Մենք ևս ունենք տեխնոլոգիական ներուժ ներկայանալու այս ուղղությամբ, ինչպես նաև կարևորում ենք մշակութային կապերը»,- ասել է Հանրապետության նախագահը։

Դեսպան Անդրեա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հյատնել ընդունելության համար և նշել է․ «Դուք նշեցիք այն խորը հարաբերությունների մասին, որոնք արդեն իսկ ձևավորվել են մեր երկրների միջև, և կարծում եմ, որ դրանք շատ լավ հիմք կհանդիսանան՝ տարբեր ոլորտներում այդ հարաբերություններն առավել խորացնելու համար։ Ինչպես նշեցիք՝ տնտեսական և մշակութային ոլորտները կարևոր են, և վստահ եմ, որ մենք կկարողանանք տարբեր ոլորտներից ելնելով փորձառությամբ կիսվել միմյանց հետ»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Հայաստանի միջև բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես բնապահպանական ոլորտում սերտ գործակցությանը, այդ թվում՝ Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող անտառտնկման ծրագրի ընթացքին։ Կարևորվել է նաև երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում: Այս համատեքստում դեսպանը շեշտել է շվեյցարական կողմի պատրաստակամությունը հնարավորինս աջակցել 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի cop-17 համաժողովի անցկացմանը։

Քննարկման առանցքում են եղել նաև ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Շվեյցարիայի աջակցությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on September 16, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 16, 2025 at 14:16 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]