Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

01/29/2026 | Press release | Archived content

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառում

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառում

29 հունվարի, 2026

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել ԵԽ կենտրոնակայանում։

Ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Նախարար Միրզոյան. «Պարո՛ն գլխավոր քարտուղար,

Խորհրդարանական վեհաժողովի տիկի՛ն նախագահ,

Խորհրդարանական վեհաժողովի տիկի՛ն գլխավոր քարտուղար,

Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ անդամներ,

Ձերդ գերազանցություններ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ստրասբուրգում նշել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։

Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին նշանավորվել է քաղաքական, սոցիալական ու իրավական բարեփոխումներով։ Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցության փորձը վկայում է մեր հաստատակամ հանձնառության մասին՝ իրականացնելու եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումներ՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնասյուները: Այս բարեփոխումները կենսական դեր են ունեցել Հայաստանի ժողովրդավարական վերափոխման գործում՝ բարձրացնելով մեր դիմակայունությունը տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում և նպաստելով մեր երկրի ու ողջ տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի տեսլականի ձևավորմանը։

Այս պատմական հոբելյանի կապակցությամբ այսօր ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական ​​օրենսգրքի մի հատվածի ձեռագիր վերարտադրության օրինակը։ 12-րդ դարի փիլիսոփա և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից գրված այս կարևորագույն աշխատանքը հայկական իրավական մտքի հիմնաքարն է։ Դարեր առաջ այն հիմք դրեց իրավունքի գերակայության մեր ընկալմանն՝ այն հիմնարար սկզբունքին, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կենսական առանցքը։

2025 թվականի ապրիլին «Դատաստանագիրքը» միաձայն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում»՝ որպես նրա մշակութային և քաղաքակրթական հավերժ նշանակության վկայություն։ Մենք վստահ ենք, որ այս նվերը, որն արտացոլում է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի կողմից կիսվող հիմնարար արժեքները, կզբաղեցնի իր նշանակալի տեղն այս հաստատությունում՝ դառնալով դրա սկզբունքների նկատմամբ մեր խորը հարգանքի և անսասան նվիրվածության խորհրդանիշը։ Այն նաև արտացոլում է մեր երախտագիտությունը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում ունեցած էական ներդրման համար:

Այս կարևոր հանգրվանը հավելյալ կերպով նշելու նպատակով, նվերի հանձնման արարողությունից հետո, Գլխավոր քարտուղարի և Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ միասին կմասնակցենք «Հայփոստ»-ի կողմից թողարկված հատուկ փոստային նամականիշի մարման արարողությանը՝ նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին՝ ի նշան մեր ընդհանուր պատմության և ընդհանուր արժեքների։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Գործընկերության 25-ամյակը նշելիս եկեք նոր վճռականությամբ նայենք ապագային՝ ամրապնդելու մեր հանձնառությունները և ձևավորելու ավելի լուսավոր ու արդար ապագա գալիք սերունդների համար։

Շնորհակալություն»:

ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսե. «Նախարար Միրզոյան,

Դեսպան Պապիկյան,

ԵԽԽՎ նախագահ Բայր,

Ձերդ գերազանցություններ,

Հայաստանի պատվիրակության անդամներ,

Գործընկերներ,

Որոշ նվերներ մատուցվում են, իսկ որոշները՝ վստահվում։ Դրանք հիշեցում են այն, ինչը մնում է անփոփոխ, երբ ամեն ինչ անորոշ է թվում։ Այն ժամանակ, երբ աշխարհակարգը փոխվում է մեր աչքերի առաջ:

Հայաստանը նշում Է Եվրոպայի խորհրդին իր անդամակցության 25-ամյակը և ներկայացնում է ութուկես դար առաջ գրված տեքստ՝ Մխիթար Գոշի «Դատաստանագիրք» աշխատությունը: Դրա առաջին բառերը սքանչելի են․ «Արդարությունից սկսելը բնական է»: Ութ դար անց այս միտքը դեռևս արմատական է թվում, որովհետև արդարությունից է սկսվել մեր խաղաղության նախագիծը, և հենց այստեղից Եվրոպան պետք է սկսի նորից՝ ոչ թե օրենքը կողքի դնելով, այլ առաջնայնություն տալով արդարությանը:

Ամբողջ Եվրոպայում նույն համոզմունքը դարերի ընթացքում վերադարձել է օրակարգ՝ արտացոլվելով Ազատությունների մեծ խարտիայում, Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում, և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Դրանցից յուրաքանչյուրն իրժամանակին իրենց տեքստում մարմնավորել են արդարության գաղափարը։Հայաստանն իր ձայնն է ավելացնում Եվրոպայի երկարատև իրավական երկխոսությանը:

Ընդամենը մի քանի ամիս առաջ վարչապետ Փաշինյանը հենց այստեղ հայտարարեց. «Եվրոպայի խորհուրդը Հայաստանի տունն է, որտեղ նա իր հանգրվանն է գտնում որպես ժողովրդավարական պետություն: Տուն, որտեղ մարդը նպատակ է, ոչ թե միջոց»: Այդ խոսքերը ուղեկցվում են գործնական քայլերով՝ իրականացնելով բարեփոխումներ և համապատասխանեցնելով օրենքները եվրոպական ընդհանուր չափանիշներին՝ կոռուպցիայի դեմ պայքարից մինչև ընտանեկան բռնության դեմ պայքար։ 25 տարի անց, փոփոխվող աշխարհում, մենք հանդես ենք գալիս Հայաստանի, Հարավային Կովկասի և ամբողջ Եվրոպայի օգտին:

Պարո՛ն նախարար, շնորհակալ եմ այս նվերի համար։ Այն իր տեղն է գտել այստեղ՝ Եվրոպայի խորհրդում` Հայաստանի տանը, իր առանձնահատուկ բառերով և անփոփոխ իմաստով՝ «Արդարությունից սկսելը բնական է»:

Շնորհակալություն, Հայաստան»:

Նախարար Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Կազմակերպությանն անդամակցության 25-ամյակի կապակցությամբ պատրաստված Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական ​​օրենսգրքի ձեռագիր վերարտադրության օրինակը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on January 29, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 03, 2026 at 06:51 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]