Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

03/24/2026 | Press release | Distributed by Public on 03/25/2026 07:51

Տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի պաշտոնական մեկնարկը

Տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի պաշտոնական մեկնարկը

24 մարտի, 2026

Մարտի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի պաշտոնական մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որի շրջանակներում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ինչպես նաև Հայաստանում ֆրանկոֆոն պետությունների դեսպանների խմբի նախագահ, ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը կարևոր առիթ է կրկին արժևորելու ֆրանսախոս աշխարհի հետ Հայաստանի կապերը և վերահաստատելու ՀՀ հանձնառությունը ֆրանկոֆոն արժեքներին։ Նշել է, որ Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումները և նախաձեռնությունները Հայաստանում մշտապես կրում են շարունակական բնույթ և իրականացվում են պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների, կրթական և մշակութային հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ:

ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա այս տարվա` «Խաղաղության սերունդ․ երիտասարդության ներդրումը հանուն ավելի խաղաղ աշխարհի» խորագրին՝ ընդգծելով ներկայիս մարտահրավերների պայմաններում խաղաղության, համերաշխության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ հավատարմության վերահաստաման և երիտասարդների ներգրավվածությանն ուղղված նախաձեռնությունների խթանման կարևորությունը:

Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունը հրավիրել է 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի 10-րդ հոբելյանական թողարկմանը` շեշտելով ՀՀ կողմից դրանց կազմակերպման ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» խորագրով համերգը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on March 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 25, 2026 at 13:51 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]