Ministry of Finance of the Republic of Armenia

10/14/2026 | Press release | Distributed by Public on 10/14/2026 03:57

Բանգկոկում քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարներն ու ֆինանսական համագործակցության ուղղությունները Facebook Google + Twitter 14.10.2026

Բանգկոկում քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարներն ու ֆինանսական համագործակցության ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Բանգկոկում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի խմբի 2026 թվականի տարեկան ժողովների շրջանակում, հոկտեմբերի 13-ին հանդիպումներ է ունեցել միջազգային վարկանիշային գործակալության, զարգացման և ներդրումային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել տարածաշրջանային տնտեսական զարգացումներին նվիրված կլոր սեղանին։

Հանդիպումներ վարկանիշային գործակալության և ԱՄՀ ներկայացուցիչների հետ

Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպել են Moody's-ի հանրային, նախագծային և ենթակառուցվածքային ֆինանսավորման գլոբալ ղեկավար Ջենիս Հոֆերբերի, սուվերեն և ենթասուվերեն ռիսկերի խմբի ավագ փոխնախագահ Անուշկա Շահի և սուվերեն ռիսկերի խմբի փոխնախագահի օգնական Մարկուս Յիուի հետ։ Քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարները, հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, պետական պարտքի կայունությունը և տնտեսության դիմակայունության ամրապնդման գործոնները։ Նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի ղեկավարների կլոր սեղանին՝ ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի մասնակցությամբ։ Քննարկվել են արտաքին զարգացումների ազդեցությունը տարածաշրջանի տնտեսությունների վրա և տնտեսական քաղաքականության արձագանքները՝ մակրոտնտեսական կայունության ու դիմակայունության պահպանման տեսանկյունից։

Հանդիպումներ Համաշխարհային բանկի և IFC-ի փոխնախագահների hետ

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելա Բասանիի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ IFC-ի փոխնախագահ Ալֆոնսո Գարսիայի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի զարգացման առաջնահերթությունները, ներդրումների ներգրավման և մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը։ Համաշխարհային բանկի թվայնացման և արհեստական բանականության հարցերով փոխնախագահ Սանգբու Քիմի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել պետական կառավարման և հանրային ծառայությունների թվայնացմանը, տվյալների արդյունավետ օգտագործմանը և արհեստական բանականության կիրառման հնարավորություններին՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Հանդիպում Մորգըն Ստենլիի ներկայացուցիչների հետ

Մորգըն Ստենլիի զարգացող շուկաների թիմի պորտֆելի կառավարիչ և հետազոտական վերլուծաբան Հուսեյն Խաթաբի և ներդրումների կառավարման գծով փոխնախագահ Պետեր Սեչենիի հետ հանդիպմանը քննարկվել են Կառավարության մակրոտնտեսական քաղաքականությունը, 2027 թվականի բյուջեի հեռանկարները, առողջապահական բարեփոխումների ֆինանսական ազդեցությունն ու ծախսային առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներից բխող տնտեսական հնարավորություններին ու ռիսկերին, առևտրային ուղիներին, ֆինանսական հոսքերին և դրամի փոխարժեքի ձևավորման գործոններին։

Ministry of Finance of the Republic of Armenia published this content on October 14, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 14, 2026 at 09:57 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]