Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/26/2025 | Press release | Archived content

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախարարական հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախարարական հանդիպմանը

26 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախարարական հանդիպմանը։

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ աշխարհագրական սահմանափակումների պատճառով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները զրկվում են համաշխարհային առևտրին լիարժեք ինտեգրման, տնտեսության դիվեսիֆիկացման և ներդրումների գրավչության հնարավորություններից։

Անդրադարձ է կատարվել Ավազայի գործողությունների ծրագրին և ընդգծվել է դրա դերը՝ որպես բազմաշերտ մարտահրավերների հաղթահարման ճանապարհային քարտեզ։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է համապատասխան ֆինանսավորման, գործընկերության ամրապնդման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ խաղաղության և կայունության օրակարգի խթանմանն ուղղված հանձնառությունը և մասնակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթները՝ ընդգծելով դրա դերը Հարավային Կովկասում ներառական, ոչ խտրական և արդար տրանսպորտային ու առևտրային փոխկապակցվածության հաստատման գործում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնություններին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին: Ընդգծել է երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների գործարկման հարցում առանցքային համաձայնությունը և ներկայացրել TRIPP նախագծը՝ որպես «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղադրիչ։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 26, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 28, 2025 at 18:59 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]