The President of the Republic of Armenia

12/17/2025 | Press release | Distributed by Public on 12/17/2025 07:52

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Հակոբյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Հակոբյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Սևան ստարտափ սամմիթ 2026»-ի կազմակերպական աշխատանքներին, ինչպես նաև նախաձեռնության գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Կարևորվել է նման հարթակների դերը ստարտափ էկոհամակարգի զարգացման, նորարարական տեխնոլոգիաների խթանման և ինովացիոն լուծումների կիրառման գործում։ Զրույցի ընթացքում շեշտվել է «Սևան ստարտափ սամմիթ»-ի կրթական նշանակությունը՝ հատկապես երիտասարդության և պատանիների համար՝ որպես գիտելիքի փոխանցման, նոր հմտությունների ձևավորման և ձեռներեցական մտածողության զարգացման արդյունավետ հարթակ։

Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովին՝ այդ շրջանակում «Սևան ստարտափ սամմիթ»-ի աջակցության հնարավորություններին, համագործակցության ձևաչափերին և ինովացիոն լուծումների ներգրավման ուղիներին։

Զրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանը ներկայացրել է նախաձեռնության երկարաժամկետ ոլորտային և ներդրումային ծրագրերը, ինովացիոն զարգացման ուղղությունները, ինչպես նաև նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականն ու մոտեցումները՝ ընդգծելով տեխնոլոգիական նոր լուծումների կարևորությունը ապագային միտված և կայուն միջավայրի ձևավորման համատեքստում։

Հանրապետության նախագահը կարևորել է նորարարական նախաձեռնությունների շարունակական և ինստիտուցիոնալ զարգացումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը երկրի տեխնոլոգիական առաջընթացի, մրցունակության բարձրացման և կայուն զարգացման համար։

Նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել կրթական բաղադրիչի դերին՝ նշելով, որ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են երիտասարդության և պատանիների կրթական ներգրավվածության, գիտելիքահեն մտածողության ձևավորման, ինչպես նաև նորարարական գաղափարների բացահայտման և զարգացման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումը՝ երկարաժամկետ արդյունքների ապահովման նպատակով։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on December 17, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 17, 2025 at 13:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]