Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 00:48

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

17 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 16-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիի գլխավորությամբ։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև ակտիվացող քաղաքական երկխոսությունը։ Այս համատեքստում նշվել է նաև այս տարվա մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի մասնակցության կարևորությունը։

Քննարկվել են Հայաստան-Իտալիա երկկողմ օրակարգի մի շարք ուղղություններ, այդ թվում՝ զարգացման համագործակցության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։

Հայաստանի արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, փոխադարձ ներդրումների խրախուսման և երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ամրապնդման հնարավորությունները։ Կարևորվել է առկա տնտեսական ներուժի առավել լիարժեք օգտագործումը՝ հաշվի առնելով նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված գործառույթները տնտեսական դիվանագիտության ոլորտում։

Վահան Կոստանյանը ողջունել է իտալական կողմի որոշումը Երևանում Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) տարածաշրջանային գրասենյակ բացելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն երկու երկրների միջև երկարաժամկետ գործընկերության կարևոր հանձնառություն է։ Բարձր է գնահատվել նաև տեղահանված անձանց 2 մլն եվրոյի չափով աջակցության տրամադրման վերաբերյալ Իտալիայի որոշումը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը և այս ուղղությամբ Հայաստան-Իտալիա համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ Վահան Կոստանյանն իտալացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված վերջին զարգացումները և Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ձևավորված դրական դինամիկան՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակում։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 17, 2026 at 06:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]