Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

03/26/2026 | Press release | Distributed by Public on 03/26/2026 06:00

Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2026թ. մայիսի 4-ին և 5-ին

Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2026թ. մայիսի 4-ին և 5-ին

26 մարտի, 2026

2026թ. մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:

Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են 2026թ. մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն արտացոլում է վերջին տարիներին երկկողմ գործընկերության աննախադեպ դինամիկան: Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի» վրա, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին, և «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա, որն ընդունվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլյանման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ 2025թ. դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրի նիստում: Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային գործընկերն է բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև առևտրի ու ներդրումների ոլորտում:

Նախապատմություն

ՀԸԳՀ շրջանակներում Հայաստանը շարունակում է կյանքի կոչել համապարփակ բարեփոխումների օրակարգ՝ հիմնված ժողովրդավարության, թափանցիկության և իրավունքի գերակայության վրա, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարեփոխման և քաղաքացիների առջև հաշվետվողականության բարձրացման հարցերում, ինչպես նաև ապահովելու բոլորի համար հավասար տնտեսական, աշխատանքային և սոցիալական հնարավորություններ:

2024թ. սեպտեմբերին մեկնարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը՝ միտված ՀՀ աղաքացիների համար ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդական ռեժիմի հաստատմանը:

2025թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ վերահաստատելու և առաջ մղելու ՀՀ-ԵՄ զարգացող գործընկերությունը: 2025 թվականն ընդհանուր առմամբ աչքի է ընկել ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների և գործընկերության խորացման բարձր դինամիկայով:

2025թ. օգոստոսին ԵՄ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և հռչակագրի ստորագրումը: ԵՄ պատրաստակամ է ներդրումների միջոցով աջակցել ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը և տարածաշրջանում հաղորդակցությունների լիարժեք բացմանը՝ հօգուտ հարատև խաղաղության և կայունության:

Ի ուշադրություն ԶԼՄ գործընկերների. ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման կարգի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on March 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 26, 2026 at 12:00 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]