The President of the Republic of Armenia

04/22/2026 | Press release | Distributed by Public on 04/22/2026 03:06

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել
Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում:

«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ինչպես նաև Ղազախստանի կառավարությանը և ժողովրդին՝ ավանդական ջերմ հյուրընկալության և այս կարևոր միջոցառման գերազանց կազմակերպման համար։

Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի ջանքերը՝ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս կլիմայի փոփոխության և բնապահպանական դեգրադացիայի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը խթանելու ուղղությամբ։ Այս համաժողովը կարևոր դեր է կատարում որպես երկխոսության հարթակ՝ համախմբելով կառավարություններին, գիտական համայնքին և քաղաքացիական հասարակությանը՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և հողերի դեգրադացիայի մարտահրավերներին դիմակայելու համար։

Լինելով դեպի ծով ելք չունեցող, զարգացող և լեռնային երկիր՝ Հայաստանը արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին, այն դեպքում, երբ համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումներին մեր ներդրումը կազմում է ընդամենը մոտ 0.02%։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճան Ցելսիուսով և կանխատեսվում է, որ մինչև դարի կեսը կշարունակի աճել։ Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է առավել ծայրահեղ եղանակային երևույթների, ինչպիսիք են ջրհեղեղներն ու ջերմային ալիքները, որոնք առաջացնում են զգալի տնտեսական կորուստներ և սպառնում կենսապահովմանը։

Տեղումների նվազումը և սառցադաշտերի նահանջը նպաստում են ջրային ռեսուրսների սակավությանը։ Քաղցրահամ ջրի հասանելիությունը գնալով ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում, հատկապես գյուղական համայնքներում։ Ջրի սակավությունը սպառնում է խոցելի լեռնային էկոհամակարգերին, ազդում գյուղատնտեսության վրա և ընդհանուր առմամբ՝ մեր բնակչության բարեկեցության վրա:

Այս համատեքստում մենք ողջունում ենք Ղազախստանի նախաձեռնությունը՝ միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Հայաստանը ակտիվորեն կմասնակցի այդ խորհրդակցություններին։

Հայաստանը ցուցաբերում է պատասխանատվության բարձր զգացում և հանձնառություն՝ նպաստելու գլոբալ կլիմայական գործողություններին։ Մենք սահմանել ենք հավակնոտ նպատակներ՝ մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու 44%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ՝ ներքին ջանքերի շնորհիվ, և մինչև 52%-ով՝ միջազգային աջակցության դեպքում։

Հայաստանը ստանձնում է այս պարտավորությունները՝ լիովին գիտակցելով իր ազգային հնարավորությունները և միջազգային համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության առաջխաղացման գործում՝ առաջնորդվելով հավասարության և ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունների սկզբունքով։

Ջերմաստիճանի բարձրացումը կենսաբազմազանության կորստի հիմնական գործոններից է՝ ազդելով աշխարհի եզակի էկոհամակարգերի և էնդեմիկ տեսակների վրա՝ ունենալով խոր ազդեցություն մարդու առողջության, պարենային անվտանգության և տնտեսության վրա։ Հետևաբար չափազանց կարևոր է ընդլայնել գլոբալ ջանքերը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ուղղությամբ։ Այս տարի Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստը։

Սա արտացոլում է մեր փոքր երկրի ուժեղ հանձնառությունը՝ նպաստելու բնության պահպանության գլոբալ ջանքերին։ Հայաստանը անհամբերությամբ սպասում է այս տարվա հոկտեմբերին Երևանում ձեզ բոլորիդ ընդունելուն Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում՝ գնահատելու մեր առաջընթացը և բացահայտելու ուղիներ՝ արագացնելու շրջակա միջավայրի վերականգնման և պաշտպանության ջանքերը ներկա և ապագա սերունդների համար։

Միջազգային համագործակցությունը, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը, փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը շարունակում են մնալ առանցքային՝ փոխկապակցված էկոլոգիական խնդիրներին դիմակայելու, կլիմայական կայունությունն ուժեղացնելու, կայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգությանը աջակցելու, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը խթանելու համար։

Հայաստանը պատրաստ է համագործակցել իր տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր փորձով և սովորել մյուսներից։ Միասին մենք կարող ենք պաշտպանել մեր Երկիր մոլորակը և ապահովել մեր հասարակությունների երկարաժամկետ կայունությունն ու բարեկեցությունը»:

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on April 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 22, 2026 at 09:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]