11/14/2025 | Press release | Distributed by Public on 11/14/2025 06:11
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի «Սեյբալ» կազմակերպության հիմնադիր Միգել Բրեխերին և կազմակերպության Արհեստական բանականության և կրթության հարցերով մենեջեր Մաուրո Կարբալյոյին։
Նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան՝ ընդգծելով կրթության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում «Սեյբալ» կենտրոնի հետ համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Ուրուգվայում «Թումո» կենտրոնի հիմնումը, որը նոր հնարավորություն է ստեղծում երկկողմ փորձի փոխանակման, կրթական ծրագրերի համատեղ զարգացման և բարձր տեխնոլոգիական կրթության տարածման համար։ Քննարկվել է կրթության ու նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցային ներուժի նպատակային իրագործումը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարը։
Նախագահը կարևորել է «Սեյբալ» ծրագրի գործառույթներն ու փորձառությունը՝ ընդգծելով, որ այն զբաղվում է նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ամբողջական կրթական համակարգում՝ ներառյալ դպրոցների թվայնացումը, ուսուցման մոդելների արդիականացումը և տեխնոլոգիական հավասար մատչելիության ապահովումը։ Քննարկվել է նաև տեխնոլոգիական սարքավորումների վերամշակման և բարձր տեխնոլոգիական թափոնների պատասխանատու կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունը, ինչը հրատապ նշանակություն ունի ինչպես կրթական, այնպես էլ բնապահպանական ու տեխնոլոգիական քաղաքականության տեսանկյունից։
← Վերադառնալ