09/25/2025 | Press release | Distributed by Public on 09/26/2025 09:54
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի 10-րդ նախարարական հանդիպմանը:
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադրաձել է զարգացման համագործակցության ճարտարապետության խոցելիության և առկա համակարգային բացերի արդյունքում միջին եկամուտ ունեցող երկրների զարգացման հեռանկարների սահմանափակումներին:
Անդրադառնալով միջին եկամուտ ունեցող երկրների առջև ծառացած մարտահրավերների հասցեագրմանը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման, ՄԱԿ զարգացման համակարգի ամրապնդման և միջին եկամուտ ունեցող երկրների համար միջազգային զարգացման համագործակցության համակարգի վերափոխման անհրաժեշտությունը: Ընդգծել է, որ այդ հանձնառությունների իրականացման արդյունքում միջին եկամուտ ունեցող երկրների համար հնարավոր կլինի ապահովել համապատասխան ֆինանսավորում, ենթակառուցվածքների և կարողությունների զարգացման խթանում, ինչպես նաև երկարաժամկետ դիմակայունությանը և զարգացմանն ուղղված աջակցություն:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Միջին եկամուտ ունեցող երկրների բարձր մակարդակի նախարարական համաժողովի և Մակատիի հռչակագրի արդյունքներով երկրների ստանձնած պարտավորությունների իրականացման կարևորությունը՝ այս համատեքստում շեշտելով միջին եկամուտ ունեցող երկրների համար գործողությունների ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը:
Ամփոփելով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ միջին եկամուտ ունեցող երկրների միջև ավելի ամուր գործընկերության առնչությամբ՝ ուղղված երկրերի միջև ընդհանուր ներուժի բացահայտմանը և համաշխարհային զարգացման ճարտարապետության մեջ հավասար դիրքերի ապահովմանը: