09/25/2025 | Press release | Archived content
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Երիտասարդության համար գործողությունների համաշխարհային ծրագրի 30-ամյակին նվիրված ՄԱԿ ԳԱ բարձրաստիճան հանդիպմանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է երիտասարդության հզորացմանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով, որ հենց երիտասարդներն են հանդիսանում կայուն զարգացման, խաղաղության և դիմակայունության շարժիչ ուժը։
Անդրադառնալով Հայաստանի հանձնառություններին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության համապարփակ ռազմավարությունը և դրա հիմքում ընկած ներառականության սկզբունքը՝ ուղղված հանրային կյանքի բոլոր ոլորտներում և որոշումների կայացման բոլոր մակարդակներում երիտասադրների լիարժեք մասնակցության ապահովմանը:
Հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդների լիարժեք, արդյունավետ և իմաստալից մասնակցությունը՝ ի նպաստ ներկա և ապագա սերունդների» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Քննարկման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ երիտասարդության ավելի համակարգված և ազդեցիկ մասնակցության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև գրանցված ձեռքբերումները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել տեղական երիտասարդական միությունների և Կառավարության կառույցների միջև ձևավորված համագործակցությանը, որը խթանել է երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացներում ինչպես պետական, այնպես էլ տեղական մակարդակներում։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն կարևորել է միջազգային համագործակցությունը՝ ուղղված երիտասարդների հզորացման օրակարգի խթանմանը և ընդլայնմանը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը, մասնավորապես որոշումների ընդունման գործընթացում։