01/16/2026 | Press release | Distributed by Public on 01/16/2026 06:56
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Ողջունելով դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինի գործունեության և Հայաստանի հետ համագործակցության համար՝ ընդգծելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքի նշանակությունը։
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար: Դուք մեզ հետ եք եղել շատ դժվար ժամանակաշրջանում մեր պետության համար, կիսել եք դժվարությունները մեր հետ միասին և այս առումով ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում: Իհարկե, արձանագրած արդյունքները ևս շատ տեսանելի են հատկապես վերջին երկու տարիների ընթացքում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Նախագահը առանձնակի կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերջին փուլը՝ ընդգծելով ռազմավարական գործընկերության ձևավորումը։
«Դեռևս անցյալ տարի հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը շատերի համար անհավանական էր թվում, և գործընթացները շատ ավելի արագ զարգացան, քան կարելի էր պատկերացնել, և մենք ունենք արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթը, և հիմա նաև հունվարի 13-ի փաստաթուղթը»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ արդեն տեսանելի է Միացյալ Նահանգների աջակցությամբ տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ընտրված ուղին։
Նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ խաղաղությունը կլինի հարատև, իսկ Միացյալ Նահանգների ներկայությունն ու աջակցությունը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական կյանքի առաջընթացին։
Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ նախագահի և կառավարության հետևողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր դարձել արձանագրել զգալի առաջընթաց։
«Հայաստանը, կարծում եմ, այս պահին շատ լավ հնարավորություն ունի առաջ շարժվել բոլոր այն պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին, և ամրապնդել ու կայուն հիմքերի վրա դնել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերը, և հուսանք նաև խաղաղ ապագան տարածաշրջանում»։
Ամփոփելով խոսքը՝ դեսպան Քվինը նշել է, որ իր դիվանագիտական առաքելությունն ավարտելով՝ շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպան Քրիստինա Քվինին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պարգևատրել է Քրիստինա Քվինին Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: