Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

04/20/2026 | Press release | Distributed by Public on 04/20/2026 11:05

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը

20 ապրիլի, 2026

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Բանգկոկում անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 82-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է տարածաշրջանային համագործակցությունը` որպես կայուն զարգացման ապահովման հիմք: Ընդգծվել է խաղաղության, դիմակայունության և փոխկապակցվածության ամրապնդման անհրաժեշտությունը, հատկապես կառուցվածքային սահմանափակումների բախվող երկրների համար: Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև դեպի ծով ելք չունեցող երկրների արտաքին ցնցումների նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու և դեպի շուկաներ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությանն է հրավիրել այս տարի Հայաստանում հյուրընկալվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման հարցում ՀՀ նախագահության սկզբունքային մոտեցումներին ու տեսլականին: Այս առումով ընդգծվել է կենսաբազմազանության պաշտպանության առանցքային նշանակությունը պարենային անվտանգության, հանրային առողջապահության և տնտեսական կայունության ապահովման համար։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները խթան են հանդիսացել տնտեսական համագործակցության և կայուն զարգացման առաջմղման համար՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Անդրադառնալով «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացմանը՝ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է հարևան երկրների հետ գործուն տնտեսական կապերի հաստատման, հաղորդակցությունների վերականգնման և տրանսպորտային ուղիների վերաբացման կարևորությունը՝ տարածաշրջանային դիմակայունության ամրապնդման համար։

Անդրադառնալով տեխնոլոգիական նորարարությամբ, սոցիալ-տնտեսական և կլիմայական գործոններով պայմանավորված գլոբալ սրընթաց փոփոխություններին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող համապարփակ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը և էներգախնայողության խթանմանը։ Այս համատեքստում կարևորվել է միջուկային էներգետիկայի, արևային էներգիայի և էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի զարգացումը:

Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը՝ ուղղված միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների հետ բազմակողմ համագործակցության խթանմանը և կայուն զարգացման ուղղությամբ շոշափելի արդյունքների ապահովմանը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on April 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 20, 2026 at 17:05 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]