The President of the Republic of Armenia

01/12/2026 | Press release | Distributed by Public on 01/12/2026 05:37

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը:

«Ժողովրդավարական պետության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական ինստիտուտների առկայությամբ, այլ դրանց իրական արդյունավետությամբ։ Այդ համակարգի առանցքում գտնվում է դատական իշխանությունը՝ որպես սահմանադրական կարգի պահպանման և իրավունքի գերակայության գլխավոր երաշխավոր։

Սահմանադրությունը իրավական պետության հիմքն է, իսկ դատական իշխանությունը՝ այն մեխանիզմը, որի միջոցով այդ հիմքը վերածվում է կենդանի իրականության։ Դատարանների անկախությունը և անաչառությունը ժողովրդավարության ձևական հատկանիշ չեն, այլ դրա բովանդակային էությունը։ Առանց անկախ դատարանների անհնար է ինչպես քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, այնպես էլ հանրային վստահությունը պետական համակարգի նկատմամբ։

Դատական իշխանության նկատմամբ վստահությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ արդարադատությունը ոչ միայն իրականացվում է, այլ նաև ընկալվում է որպես արդար, մատչելի և թափանցիկ։ Այդ վստահությունն է, որ կապում է քաղաքացուն պետության հետ և ամրապնդում իրավական պետության հիմքերը։

Դատական իշխանության անկախությունը սահմանադրական արժեք է և միաժամանակ բարձր պատասխանատվություն։ Այն պահանջում է, որ դատավորը յուրաքանչյուր որոշում կայացնի բացառապես օրենքի և սեփական խղճի հիման վրա՝ զերծ մնալով ցանկացած ազդեցությունից։ Այդ սկզբունքի պահպանումը վճռորոշ նշանակություն ունի ողջ պետական համակարգի հավասարակշռության համար։

Այս օրը նաև առիթ է գնահատելու դատական համակարգի ներկայացուցիչների կատարած ծառայությունը։ Ձեր աշխատանքը կարևոր դեր ունի Հայաստանում իրավունքի գերակայության և ժողովրդավարական պետականության ամրապնդման գործում։

Վստահ եմ, որ շարունակական և հետևողական ջանքերով մենք կկարողանանք զարգացնել դատական իշխանություն, որը լիարժեքորեն կկատարի իր սահմանադրական առաքելությունը և կծառայի հանրային շահին։

Շնորհավորում եմ ձեզ Դատական իշխանության օրվա առթիվ և մաղթում հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ»։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on January 12, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 12, 2026 at 11:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]