Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/07/2025 | Press release | Distributed by Public on 10/07/2025 07:09

ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել կազմակերպության գլխավոր քարտուղարին

ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել կազմակերպության գլխավոր քարտուղարին

07 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 7-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրման նամակն է հանձնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

Հավատարմագրման նամակի հանձնմանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի հավա­տարմությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր անդամակ­ցությամբ ստանձնած հանձնառությանը՝ նպաստելու խաղաղության, համերաշխության, մարդու իրավունքների և համամարդկային այլ արժեքնե­րի խրա­խուսմանն ուղղված միասնական ջանքերին։

Դեսպանը կարևորել է Հայաստանի և ՖՄԿ միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ այս տարիների ընթացքում այդ հարաբերու­թյուն­ները շարունակական զար­գացում են ապրում:

Երկուստեք անդրադարձ է կատարվել 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկո­ֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին՝ որպես Հայաստանի և ՖՄԿ միջև հարաբերություններն ամփոփող կարևոր հանգրվանի։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը խաղերը միջազգային բարձր չափանիշներին համահունչ անցկացնելու առնչությամբ։

Գլխավոր քարտուղարի խնդրանքով Արման Խաչատրյանը հանգամանալից ներկա­յացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող շարունակական ջանքերը՝ անդրադառնալով, մասնավորապես, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։

Դեսպանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և անձամբ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Հայաստանի հանդեպ իր առանձնահատուկ ուշադրության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին ցուցաբերած կարևոր աջակցության համար։

Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին՝ Լուիզ Մուշիկիվաբոն մաղթել է նրան արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ինչպես նաև վերջինիս շրջանակներում Հայաստանի և անդամ այլ երկրների միջև հաստատված բարեկամական և համագործակցային ամուր կապերի առավել զարգացման։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 07, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 07, 2025 at 13:10 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]