01/23/2026 | Press release | Distributed by Public on 01/23/2026 13:39
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ և ՄԱԿ մանկական հիմնադրամի միջև փոխգործակցության 2026-2030թթ. ծրագրային փաստաթղթի իրականացման պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՄԱԿ մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ Ծրագրային փաստաթղթում արտացոլված են առաջիկա հինգ տարիների ընթացքում շարունակական համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այն համահունչ է ՀՀ առաջնահերթություններին և ոլորտային միջնաժամկետ ռազմավարություններին: Այն հիմնված է արդեն իսկ գրանցված զգալի առաջընթացի, կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև ոլորտում կարևոր ներպետական օրենսդրության և կատարված միջազգային հանձնառությունների վրա։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված երեխայի իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կրթության, առողջության, ընտանիքում ապրելու և ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի դերը ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման, այդ թվում՝ փախստականների շրջանում մեծ թիվ կազմող երեխաներին ու դեռահասներին կարճաժամկետ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև առավել երկարաժամկետ հեռանկարում նրանց լիարժեք ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների և շահագրգիռ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ: