09/23/2025 | Press release | Distributed by Public on 09/23/2025 23:26
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի գործադիր տնօրեն Սավիտա Փոնդեյի հետ:
Զրուցակիցները բարձր են գնահատել կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդման և խթանման շուրջ Հայաստանի և Կենտրոնի միջև ձևավորված արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՄԱԿ80 նախաձեռնությանը, մասնավորապես՝ դրա շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանության կանխարգելման օրակարգի, ինչպես նաև վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է կանխարգելման միջազգային օրակարգի վերաբերյալ ՀՀ հանձնառությունը և ընդգծել, որ սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը դրա վառ վկայությունն է: