11/11/2025 | Press release | Distributed by Public on 11/12/2025 01:15
Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Կանաչ պետություն» (State of Green) ընկերություն:
Նախարար Միրզոյանը ծանոթացել է ընկերության գործունեությանը, նորարարական տեխնոլոգիաների և լուծումների միջոցով կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ Դանիայի գրանցած նշանակալի ձեռքբերումներին, ապագա կայուն զարգացման տեսլականին, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորություններին։
Լինելով Դանիայի կառավարության և երկրի երեք` արդյունաբերության, կանաչ տնտեսության, գյուղատնտեսության ոլորտներում առաջատար բիզնես միությունների միջև գործընկերության հաջողված օրինակ՝ ընկերությունը միավորում է պետական և մասնավոր հատվածները՝ ավելի քան 600 պետական մարմինների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, ակադեմիական հաստատությունների, փորձագետների և հետազոտողների ներգրավմամբ։
Ի թիվս այլ ուղղությունների, որպես կանաչ տնտեսության զարգացման կարևոր գրավական՝ ընկերությունն ուշադրություն է դարձնում նաև կենսաբազմազանության ոլորտի առանձնահատկություններին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանի այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի համաժողովների շրջանակներում համագործակցության հարցերի, ընկերությունը ներկայացված կլինի մյուս տարի Երևանում անցկացվելիք համաժողովին՝ համապատասխան գործարար շրջանակների ներգրավմամբ։