02/05/2026 | Press release | Distributed by Public on 02/05/2026 06:43
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։
Ողջունելով դեսպանին՝ նախագահն՝ ի դեմս նրա, իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների առթիվ։
Հանրապետության նախագահը նշել է, որ Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է՝ ընդգծելով երկկողմ համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը և վստահություն հայտնելով, որ տարբեր ոլորտներում հնարավոր կլինի հաջողությամբ կյանքի կոչել ապագային միտված համատեղ ծրագրեր։
Քուվեյթի դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և փոխանցված բարեմաղթանքների համար։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, խորացման և ամրապնդման կարևոր ուղղություն։ Այս համատեքստում ընդգծվել է նաև միջկառավարական հանձնաժողովների և ոլորտային գերատեսչությունների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն առանձնահատուկ կարևորություն են տվել Քուվեյթի հայկական համայնքի դերին՝ որպես երկու ժողովուրդների միջև փոխադարձ ըմբռնման և մշակութային կապերի ամրապնդման կամուրջ։
Երկուստեք շեշտվել է համագործակցության ներուժի առավել լիարժեք իրացման անհրաժեշտությունը՝ հատկապես զբոսաշրջության, կրթության, սպորտային զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման և շարունակականության ապահովման ուղղությամբ։