Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

02/04/2026 | Press release | Distributed by Public on 02/04/2026 10:06

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և Ճապոնիայի գործարար ասոցիացիայի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և Ճապոնիայի գործարար ասոցիացիայի հետ

04 փետրվարի, 2026

Փետրվարի 4-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության պետ Ֆուսատո Տանակայի, ինչպես նաև Ճապոնիայի գործարար ասոցիացիայի (ROTOBO) Գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի հետ։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել նախընթաց տարիների ընթացքում մի շարք, այդ թվում՝ աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, հումանիտար ոլորտներում, Հայաստանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Երկկողմ համագործակցության շրջանակներում կարևորվեցին մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին ձեռքբերումները, ինչպես օրինակ՝ նախորդ տարվա հունիսին Ճապոնիայի Գունմա նահանգի Տակասակի քաղաքում Ասիայում առաջին «Թումո»կենտրոնի բացումը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև ընթացիկ տարվա ապրիլին կայանալիք «JAPAN IT Week» միջոցառմանը հայաստանյան ընկերությունների մասնակցության հետ կապված աշխատանքներին։

Մտքեր փոխանակվեցին նաև համագործակցության ուղղությունների, այդ թվում՝ բնապահպանական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտության շուրջ։ Քննարկվել է նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17)` ՀՀ կողմից հյուրընկալման շրջանակներում փոխգործակցության հնարավորությունը։

Ճապոնիայի գործարար ասոցիացիայի Գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված շարունակական քայլերի անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով այդ հարցում Ճապոնիայի բիզնես ասոցիացիայի հետ հաստատված համագործակցությունը։ Այդ համատեքստում կարևորվեցին «ROTOBO»-ի հետ նախորդ տարվա ընթացքում համատեղ կազմակերպված միջոցառումները, որոնք խթան են հանդիսացել Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հաստատման համար։ Առանձնանշվեց «Japan-Armenia Network for Investment Environment Improvement» կայքէջի գործարկումը։

Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին ընթացիկ տարվա մարտին Տոկիոյում կայանալիք «FOODEX JAPAN 2026» ցուցահանդեսին հայկական գինեգործական ընկերությունների մասնակցության կարևորությունը, ինչը կնպաստի հայկական գինեգործական արտադրանքի՝ ճապոնական շուկայում ներկայացմանը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on February 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 04, 2026 at 16:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]